Ինչու՞ է Թուրքիան ցանկանում միանալ Պակիստան-Սաուդյան Արաբիա պաշտպանական համաձայնագրին

7 ր.   |  2026-01-16

Թուրքիան սկսել է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ձևավորված պաշտպանական համաձայնագրին (պակտ) միանալու շուրջ։ Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ բանակցությունները դեռ նախնական փուլում են, իսկ երեք երկրների միջև հնարավոր համաձայնությունն ունի Մերձավոր Արևելքում և դրանից դուրս ուժերի հավասարակշռությունը փոխելու ներուժ։ Մինչդեռ թուրքական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով միջազգային մամուլին, նշում են, որ եռակողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են և 2026 թվականի առաջին քառորդում գործընթացն արդեն պաշտոնական բնույթ կկրի։ 

Պաշտոնական Անկարան ոչ հաստատել է և ոչ էլ հերքել այս տեղեկությունը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել լրատվամիջոցների հարցումը։ Նույն կերպ միջազգային մամուլում տարածված հրապարակումներին չեն արձագանքել նաև Պակիստանի և Սաուդյան Արաբիայի պատկան մարմինները։ 

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրվել էր պաշտպանական համաձայնագիր, որի համաձայն՝ կողմերից մեկի դեմ իրականացված «ցանկացած հարձակում» կհամարվի որպես հարձակում նաև մյուսի նկատմամբ։ Համաձայնագիրը նաև նպատակ ունի զարգացնել երկու երկրների պաշտպանական համագործակցությունը և ամրապնդել ցանկացած ագրեսիայի համատեղ զսպումը։ Միջազգային մամուլում այս դաշինքը մեկնաբանվել է որպես «իսլամական ռումբ» կամ Պակիստանի կողմից Սաուդյան Արաբիային տրամադրվող «միջուկային հովանոց»։

Վերոհիշյալ աղբյուրները Թուրքիայի հնարավոր մասնակցությունը այս համաձայնագրին բացատրում են հետևյալ կերպ․ «Ընդլայնված դաշինքը կարող է իմաստալից լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Ասիայում, Մերձավոր Արևելքում և անգամ Աֆրիկայում Թուրքիայի շահերը գնալով ավելի են համընկնում Սաուդյան Արաբիայի և Պակիստանի շահերի հետ։ Մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք-խմբ․) նկատմամբ հարցականի տակ է դրվում, Թուրքիան եռակողմ դաշինքը դիտարկում է ինչպես սեփական անվտանգության կարիքները բավարարելու, այնպես էլ զսպման մեխանիզմներն ուժեղացնելու միջոց»։

Զարգացող բազմաբևեռ միջավայրում երկրներն ավելի ու ավելի են փորձում պաշտպանվել ռազմական համագործակցությունների դիվերսիֆիկացիայով/ բազմազանեցմամբ: Տարածաշրջանում Իսրայելի աճող գերիշխանությունը և վերջինիս բազմավեկտոր քաղաքականությունն ու գործողություններն արագացնում են տարածաշրջանային երկրների շրջանում կոնսոլիդացիոն տարբեր կենտրոնների կամ անվտանգության նոր ճարտարապետությունների ձևավորմանը։ Այս համատեքստում իսլամական աշխարհում ընդհանուր անվտանգության շրջանակ ձևավորելու գաղափարն էլ ավելի է ուժեղանում և ստանում ավելի իրատեսական ու կիրառական բնույթ։ 

Այս տրամաբանությամբ Պակիստան–Սաուդյան Արաբիա–Թուրքիա հնարավոր ձևաչափը դիտարկվում է ոչ միայն որպես պաշտպանական համագործակցության հարթակ, այլ նաև որպես տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա ազդող գործիք։ 

Դաշինքի իրագործումը կարող է վերաճել սուննիադավան երկրների ներսում համակարգող անվտանգության մեխանիզմի՝ ուղղված ինչպես արտաքին մարտահրավերների չեզոքացմանը, այնպես էլ անկայունությունների կառավարմանը։ Սակայն ներկայում սուննիադավան այլ երկրների մասնակցությամբ այս դաշինքի ընդլայնումը հիմնականում մնում է մտադրությունների մասին հայտարարության և սահմանափակ համագործակցությունների մակարդակում, իսկ իրական խոչընդոտները շարունակում են մնալ ընդհանուր սպառնալիքի ընկալման տարբերությունները և առաջնորդության շուրջ մրցակցությունը։ 

Թուրք վերլուծաբան և ռազմագետ Նիհաթ Ալի Օզջանի պնդմամբ, այս հնարավոր դաշինքը կնշանակի երեք տարբեր ուժային բաղադրիչների միավորում՝ «բազմապատկման էֆեկտով»։ 

Օզջանը կարծում է, որ Սաուդյան Արաբիան իր հսկայական ֆինանսական ներուժի և էներգետիկ ռեսուրսների շնորհիվ դաշինքի ֆինանսական շարժիչ ուժն է։ Պակիստանը՝ որպես իսլամական աշխարհի միակ միջուկային տերություն, իր բալիստիկ հրթիռային կարողություններով և մարդկային ռեսուրսներով, ձևավորում է այդ «զսպման առանցքը»։ 

Թուրք վերլուծաբանի գնահատմամբ՝ Թուրքիայի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) շրջանակում ձեռք բերած փորձը, մարտադաշտում «ապացուցված ռազմական կարողությունները», հատկապես հարվածային անօդաչու թռչող համակարգերի, տեղական արտադրության «KAAN» տեսակի կործանիչների և «ALTAY» տանկի նման նախագծերով «արագ զարգացող պաշտպանական արդյունաբերությունը», նրան վերապահում են «տեխնոլոգիական առաջնորդի» դեր։

Թուրքիա-Պակիստան հարաբերություններ  

Թուրքիա–Պակիստան հարաբերությունները ձևավորվել են «պատմական բարեկամության» հիման վրա և տարիների ընթացքում վերածվել բազմաշերտ ռազմավարական գործընկերության։ Երկու երկրները սերտորեն համագործակցում են քաղաքական, տնտեսական, պաշտպանական և մշակութային ոլորտներում՝ ցուցաբերելով փոխադարձ աջակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային հարթակներում (Տարածաշրջանային համագործակցությունների շրջանակում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ հարաբերությունները)։

Կողմերը հատուկ կարևորություն են տալիս ռազմական ոլորտում փոխգործակցությանը, համատեղ զորավարժություններին, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերությանը․ իրականացում են համատեղ ծրագրեր, այդ թվում՝ «MILGEM» (Ազգային նավ) ռազմածովային նախագիծը, որը նպաստում է ռազմական համագործակցության խորացմանը։ Միևնույն ժամանակ, կողմերը քայլեր են ձեռնարկում առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ՝ նպատակ ունենալով երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 5 միլիարդ դոլարի։

Թուրքիան և Պակիստանը հաճախ հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ աշխարհաքաղաքական կարևոր հարցերում՝ ընդգծելով ռազմավարական շահերի համընկնումը։ Եռակողմ պաշտպանական դաշինքի ստեղծման դեպքում  թուրք-պակիստանյան հարաբերություններն ավելի ինստիտուցիոնալ և խորքային բնույթ կստանան:

Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերություններ

Թուրքիան և Սաուդյան Արաբիան իրենց հարաբերությունները սկսել են վերականգնել 2021 թվականից։ Այսօր երկկողմ հարաբերությունների օրակարգում առաջնահերթ են քաղաքական շփումների ակտիվացումը, տնտեսական կապերի զարգացումը և ներդրումային համագործակցությունը։ 

Երկու երկրների միջև հարաբերությունները 2024 թվականին արդեն հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս գործընթացն ամրապնդվում է փոխադարձ բարձր մակարդակի պաշտոնական այցերով և քաղաքական երկխոսության ակտիվացմամբ։

2016 թվականից սկսած Թուրքիան Սաուդյան Արաբիայի հետ համատեղ 4 զորավարժություն է իրականացրել։ Թուրքիան Սաուդյան Արաբիային ընդունում է որպես կարևոր ֆինանսական և առևտրատնտեսական գործընկեր։ Անկարան հետաքրքրված է ինչպես սաուդական ներդրումներով, այնպես էլ իր արտադրանքի, այդ թվում՝ պաշտպանական ոլորտի արտահանման ընդլայնմամբ։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ընկերություններից մեկը՝ «ASELSAN»-ը և սաուդական «TAQNIA DST» ընկերությունը Սաուդյան Արաբիայում համատեղ ընկերություն են հիմնադրել («SADEC»)։ Բացի այդ, 2023 թվականին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության և թուրքական «Baykar» ընկերության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր

Թեև երկու երկրների միջև առկա հակասություններին, ստեղծված աշխարհաքաղաքական պայմանները թույլ են տալիս պաշտպանական ոլորտում գնալ նման համագործակցության։  

Ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում այս պակտի մաս կազմել

Առաջին հերթին Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքերը Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում՝ ներկայանալով որպես սուննիադավան աշխարհի ռազմական ու քաղաքական առանցքային դերակատար։ Այս եռակողմ ձևաչափը Անկարայի համար հնարավորությունների նոր պատուհան կարող է բացել տարածաշրջանային գործընթացներում ներգրավածության և միջնորդական առաջնորդությունների ստանձնման համար։ 

ՆԱՏՕ-ի ներսում և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրների պատճառով Թուրքիան ձգտում է դիվերսիֆիկացնել իր ռազմաքաղաքական գործընկերությունները՝ հույս չդնելով միայն արևմտյան անվտանգային համակարգերի վրա։ Դրա խոսուն վկայությունը Անկարայի «նեոօսմանիզմի» գաղափարախոսության իրացման համար իրականացվող ակտիվ ջանքերն են: Այդ գաղափարախոսության մաս է կազմում «Իսլամական ՆԱՏՕ»-ի ձևավորումը՝ հիմնված կրոնա-քաղաքական ընդհանրությունների վրա։ Պետք է ընդգծել, որ «Իսլամական ՆԱՏՕ» ձևաչափը Անկարայի համար իսլամական երկրներում իր ազդեցությունը տարածելու գործիքներից մեկն է: 

Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ նոր հարթակի շուրջ համագործակցությունը Թուրքիային հնարավորություն կտա ընդլայնելու իր սպառազինության արտահանման շուկաները։ Սա, իր հերթին, կնպաստի թուրքական պաշտպանական ընկերությունների տնտեսական կայացմանը, արտադրական ներուժի աճին և տեխնոլոգիական զարգացմանը։ Առանց այդ էլ տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիային նման համագործակցությունը կարող է ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր, արտահանման աճ և պաշտպանական արդյունաբերության միջոցով տնտեսական որոշակի աշխուժացում։

Հաշվի առնելով, որ Պակիստան–Սաուդյան Արաբիա պաշտպանական համագործակցությունը հիմնականում ուղղված է Իրանի ռազմական ու քաղաքական ազդեցության զսպմանը, Թուրքիան, ունենալով մրցակցային հարաբերություններ Թեհրանի հետ Սիրիայում, Իրաքում և Կովկասում, շահագրգռված է այդ հակակշռի մաս դառնալ։ Նույն տրամաբանությամբ այս պակտի թիրախ է համարվում նաև Իսրայելը: 

Վաղ է ասել, թե այն կլինի հակաիսրայելական պակտ, թե ոչ, սակայն միավորման նախադրյալները դրա խոսուն վկայությունը կլինեն։ Բացի այդ, այս եռակողմ դաշինքի կյանքի կոչումը ճանապարհ կարող է հարթել իսլամական նոր ավելի ընդգրկուն դաշինքի ստեղծման համար։ 

Նախկինում տարածաշրջանում առաջնորդության շուրջ մրցակցություն ունեցած Թուրքիան և Սաուդյան Արաբիան, այս պակտի շրջանակում միավորվելով՝ շիայադավան Իրանի ազդեցության դեմ կձևավորեն սուննիադավան աշխարհի ռազմական ուժեղ բլոկ։ Պակիստանի՝ Հնդկաստանի հետ առկա լարվածությունների և Աֆղանստանի սահմանին տիրող անկայունության պայմաններում Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի աջակցությունն ունենալը կուժեղացնի Իսլամաբադի դիրքերը։

Վերջին շրջանում ռազմավարական մերձեցում է նկատվում Սիրիայի նման կարևոր ուղղություններում։ Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը Վաշինգտոնում լոբբիստական աշխատանք են իրականացրել՝ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կառավարության նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերացման ուղղությամբ։  

Երկու երկրները նույն դիրքորոշումն են որդեգրել նաև Սուդանում․ Թուրքիան և Սաուդյան Արաբիան սատարում են Սուդանի բանակին։